Քաղաքապետարանը սկսում է ուղևորատար տրանսպորտի երթուղիների մրցույթները

17:21 • 31.05.12

Մայրաքաղաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունում մայիսի 31-ին, ըստ հաստատված ժամանակացույցի, մեկնարկել են երթուղիների մրցույթները: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գնահատման պարտադիր չափանիշների մեջ մտնում են մեքենայի տեխնիկական վիճակը, արտաքին տեսքը, ուղևորասրահի հարմարավետությունը, նստատեղերի անհրաժեշտ քանակը և այլն:


Երթուղիներ դուրս կգան բացառապես այն շարժակազմերը, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին և մասնագիտական հանձնաժողովի կողմից առավել բարձր միավորներ կստանան: Հնարավոր թերություններ հայտնաբերելու պարագայում, եթե շարժակազմում անհրաժեշտ քանակի մեքենաներ չապահովվեն, մրցույթը կհամարվի չկայացած: Նման դեպքերում կհայտարարվի նոր մրցույթ, որը կանցկացվի 45 օր հետո: Մինչ այդ, երթուղին կշարունակի ազգաբնակչության սպասարկումը` այլ ռեսուրսների հաշվին համալրում ստանալու պայմանով: 

 

Մինչև նոյեմբերի վերջ յուրաքանչյուր շաբաթ տեղի կունենա 4 –5 երթուղու մրցույթ, որից հետո մայրաքաղաքի երթուղային նոր ցանցը կստանա իր լիարժեք տեսքը և ըստ այդմ էլ կկազմակերպվեն ուղևորափոխադրումները: Մրցույթների անցկացման ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի հետևյալ հղումով։ 
Մրցույթների անցկացման օրերին տվյալ երթուղիներն այդ օրվա որոշակի ժամանակահատվածում չեն սպասարկվի, ինչի համար Երևանի քաղաքապետարանը կանխավ հայցում է քաղաքացիների ներողամտությունը: