Ռուբեն Հայրապետյանը խոստացավ օգնել. զոհված զինծառայողի մայր
Այսօր 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընդմիջմանը, երբ խորհրդարանից դուրս եկավ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, նրան հենց ԱԺ-ի դարպասների առջև մոտեցան խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների 3 մայրեր:
Նրանցից Կարճաղբյուրի զորամասում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Օհանջանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք Ռուբեն Հայրապետյանին ներկայացրել են իրենց հարցը և խնդրել օգնելու, որ արդար դատավաորություն իրականացնելու և մեղավորներին պատժելու գործում:
«Նա մեզ ասաց, որ ինքը լինելու է Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, որից հետո մենք կդիմենք իրեն: Կարճ կերպով ներկայացրեցինք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել և Ռուբեն Հայրապետյանը խոտացավ, որ մեզ կօգնի»,- ասաց նա:
ՀՀ ԶՈւ սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանը տեղյակ չի եղել, թե խոսքը ինչի մասին է:
«Նա ասաց, որ լեզուն չի պտտվում որևէ բան ասի: Եվ իրոք չգիտեր, թե ինչ ասեր: Հույս ունենանք, որ որևէ կերպ կօգնի մեզ»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք հավատում են, որ Ռուբեն Հայրապետյանին խնդիրը ներկայացնելուց հետո որևէ բան կփոխվի, Գոհար Օհանջանյանը պատասխանեց. «Ես անհավատ մարդ չեմ և հիմքեր չունեմ դեռ չհավատալու: Բայց ես արդեն ինքս ինձ չեմ հավատում, որովհետև ես Ռուսաստանից ինքս իմ ձեռքով եմ իմ երեխային բերել Հայաստան, որ հայոց բանակին ծառայի»,- ասաց նա:
Նշենք, որ այստեղ էր նաև ՀՀ ԶՈւ-ում զոհված զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը:









