«Փակ շուկայի» տանիքն ինքն իրեն է փլուզվել. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փակ շուկայի հարցին, ասաց, որ իրենք չեն քանդել շուկայի տանիքը, և որ այն ինքն իրեն է փլուզվել, հետևաբար, վերանորոգումից հետո այն ունենալու է իր նախկին տեսքը:
«Ես չեմ քանդում: Սեյսմիկը տվել է թղթերը, որ հետնամասը լավ վիճակում չէր, ինքն իրեն քանդվել է: Մենք էլ վերականգնելու ենք՝ ամբողջությամբ»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:
Պատգամավորի խոսքով, նույն տեղում կրկին շուկա է լինելու.«Կամարներն էլ ենք վերականգնելու: Այդտեղ շուկա է լինելու, մի քանի հարկ էլ փորում ենք, որ ավտոկանգառ սարքենք»:
Հարցին, թե ավտոկանգառը չի՞ խանգարի սեյսմակայունությանը, Սամվել Ալեքսանյանն ասաց, որ ոչ:
«Ես իմ կյանքի մեջ միշտ սարքող եմ եղել: Վերցրեք Ծերեթելին, «տրամվի կռուգը», հիշո՞ւմ եք ինչ վիճակում էր»,- լրագրողներին հարցրեց պատգամավորը։
«Հիմա հանձնաժողով է ստեղծվել, որն իր եզրակացությունը կտա: Մի հատ գնացեք հարևաններին հարցրեք, իրենք կասեն, թե ինչ վիճակում է եղել շուկան: Այդ շուկան հազար տարի է, վատ վիճակում էր: Դուք այդ շուկայի զուգարաններն ու պահեստները տեսե՞լ եք, թե ի՞նչ վիճակում են եղել»:
Սամվել Ալեքսանյանն լրատվամիջոցների ներկայացուցիչներին կրկին խոստացավ, որ շուկան ունենալու է իր նախնական տեսքը և այնտեղ ոչինչ չի փոխվելու:
Հիշեցնենք, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նախորդ տարի «Մուլտի Գրուպից» գնել էր Երևանի Փակ շուկան, որն այժմ վերանորոգվում է: Մամուլի հրապարակումների համաձայն տեղում կառուցվելու է 4 հարկանի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցին պատկանող հերթական խանութը:
Նշենք նաև, որ մի քանի օր է, ինչ քաղաքացիական մի շարք ակտիվիստներ պայքարում են «Փակ շուկայի» պահպանման համար:










