ՌԴ հայազգի սահմանապահներին սպանած ՀՀ քաղաքացին դատապարտվել է ցմահ ազատազրկման

16:19 • 31.05.12

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՌԴ սահմանապահների սպանության գործով հայաստանի քաղաքացի Միխայիլ Բաշչկովին դատապարտել են ցմահ ազատազրկման:
 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ եւ 11-րդ կետերով (ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով սպանելը եւ այլ հանցանքը թաքցնելը) եւ դատապարտվել ցմահ ազատազրկման:
 

Բաշչկովը 2009թ. նոյեմբեր ամսին «Յունիբանկ» ՓԲԸ-ից 6 000 000 դրամի չափով վարկ է վերցրել` որպես գրավ թողնելով իր բնակարանը: Այլ պարտքեր ևս ունենալով, ինչպես նաև բանկային տոկոսները մարելու համար` 2010թ. գարնանը իր բանակային ընկերոջից` Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության (ՌԴ ԴԱԾ) սահմանապահ վարչության ենթասպա Ա.Զախարյանից վերցրել է 20 000 ՌԴ ռուբլի պարտք, որի մի մասը որոշ ժամանակ անց վերադարձրել է` պարտք մնալով 150 000 ՀՀ դրամ:
 

Չկարողանալով վերադարձնել պարտք-գումարը և այդ առիթով վիճելով Արմեն Զախարյանի հետ` Մ. Բաշչկովը պլանավորել է սպանել նրան:

 

Հոկտեմբերի 23-ի գիշերը նա մտել է Երևանում գտնվող ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության ռադիոկենտրոն և սպանել էր թե' Զախարյանին, թե՛նրան օգնության հասած Ենոքյանին:
 

Այսօր դատարանի կայացրած որոշմամբ` Միխայիլ Բաշչկովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
 

Այս պահին Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ: