ԱՄՆ-ը սուտ է անվանել Հուլայի սպանդի վերաբերյալ Սիրիայի իշխանությունների ենթադրությունը

08:48 • 01.06.12

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սյուզան Ռայսն ակնհայտ սուտ է անվանել Սիրիայի իշխանությունների կողմից անցկացված սիրիական Հուլա քաղաքի սպանդի հետաքննության արդյունքները, հայտնում է Agence France-Presse-ը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սիրիական Հուլա քաղաքում բռնությունների զոհ դարձավ ավելի քան 100 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ:

 

Ըստ Սիրիայի իշխանությունների վարկածի` Հուլայի խաղաղ բնակիչների վրա հարձակում են գործել երկրում ռազմական գործողությունների ձգտող և կառավարությանը դեմ մարտիկները: Քննչական խմբի ղեկավար Քասիմ Ջամալ Սուլեյմանը պատմել է, որ զանգվածային սպանության զոհ են դարձել այն ընտանիքները, որոնք «հրաժարվել են կառավարությանը դեմ հանդես գալ և գտնվում էին զինված խմբավորումների հետ կոնֆլիկտի մեջ»:

 

Ռայսի խոսքով` այս վարկածի մասին վկայող փաստացի որևէ ապացույց չկա, այդ մասին չեն վկայում նաև Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի դիտորդներից ստացված տեղեկությունները:

 

Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ Վաշինգտոնը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը: Սակայն ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը չի կրկնել այն խոսքերը, թե ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները երկրում խնդիրը կարգավորելու համար կարող են առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության որոշակի քայլեր ձեռնարկել:


Մի շարք երկրներ Սիրիայի իշխանություններին սպառնացել են ռազմական գործողություններով, եթե երկրում բռնությունները չդադարեցվեն: