Ղազախստանում վարձույթից հանվել է «Դիկտատոր» կինոկատակերգությունը

14:52 • 01.06.12

Հանրահայտ անգլիացի դերասան Սաշա Բարոն Քոենի մասնակցությամբ «Դիկտատոր» կինոկատակերգությունը (The Dictator) Ղազախստանում տեղի ունեցած պրեմիերայից 2 շաբաթ անց հանվել է վարձույթից, հայտնում է korrespondent.net-ը:

 

Քոենի ու ռեժիսոր Լարի Չարլզի համատեղ նախագիծն այսօր հանվել է բոլոր կինոթատրոններից: Դա հաստատել են Ալմաթիի մի շարք կինոթատրոնների աշխատակիցներ: Իսկ ֆիլմի վարձակալ «Ինտերֆիլմ» ընկերությունը դեռ չի մեկնաբանել այս լուրը:

 

Սա առաջին ֆիլմը չէ, որն արգելվում է ցուցադրել այս երկրում: 2006թ.-ին «Բորատ.Ամերիկայի մշակութային ուսումնասիրությունները հօգուտ փառահեղ Ղազախստան պետության» ֆիլմը միանշանակորեն չէր ընդունվել, որից հետո արգելվել էր դրա ցուցադրությունը:

Վերջերս «Դիկտատորի» ցուցադրությունից հրաժարվել է նաև Տաջիկստանը: Այս երկրում համաշխարհային կինոպրեմիերաների միակ դիստրիբյուտոր «Տանտանա» ընկերությունը հրաժարվել է ժապավենը ներկրելուց` «բնակիչների մենթալիտետի պատճառով»: Կենտրոնական Ասիայի այլ երկրներում, բացի Թուրքմենստանից, կատակերգության պրեմիերան կայացել է մայիսի 17-ին:

 

«Դիկտատոր» ֆիլմը նվիրված է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի հիշատակին, որտեղ սկանդալային Բարոն Քոենը հանդես է գալիս նախագահ- վարչապետ-նախարար- գեներալ- ադմիրալ Ալլադինի դերում, ով ղեկավարում է նավթով հարուստ Վադիա երկիրը: