Դնեպրոպետրովսկի պայթյունների համար ձերբակալվածները նոր ահաբեկչություններով էին սպառնացել. գործը բացահայտված է
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել է, որ Դնեպրոպետրովսկի պայթյունների գործը բացահայտված է, իրավապահ մարմինները մանրամասն կուսումնասիրեն գործում քաղաքական դրդապատճառների առկայության հնարավորությունը:
Գլխավոր դատախազը հայտնել է, որ հանցագործները պայթյունները իրականացնելուց հետո կարճ հաղորդագրություններով և համացանցով գումար են պահանջել՝ սպառնալով հակառակ դեպքում մարդկային զոհերով նոր պայթյուններ իրականացնել, այդ թվում և սպառնացել են երեխաների դեմ ահաբեկչություն իրականացնել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Կալինինը հայտնել է, որ հատուկ ծառայությունները կասկածյալների բանկային հաշվին որոշակի գումար են փոխանցել:
«Որոշակի գումար մենք նրանց թույլ տվեցինք ստանալ», - ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը:
Միևնույն ժամանակ գլխավոր դատախազը հաղորդել է, որ հանցագործության դրդապատճառները շահադիտական էին:
«Հանցագործության որակավորումը հաստատվում է: Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունն իրականացվել է շահադիտական նպատակներով», - ասել է Պշոնկան:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկ քաղաքում 4 պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 30 մարդ էր տուժել, այդ թվում՝ 10 երեխա, որոնց շարքում երկու 16-ամյա հայազգի երեխա:









