ԵՄ նախագահը Ադրբեջանում կքննարկի ԼՂ հակամարտությունը
Եվրոպական միության նախագահ Հերման Վան Ռոմպեյը հուլիսի 5-ին կայցելի Ադրբեջան. տեղեկացնում է ադրբեջանական Trend-ը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան, նշելով, որ Ռոմպեյի` Բաքու կատարելիք առաջին այցի ընթացքում կքննարկվեն ինչպես ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
«Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարուզոն և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն արդեն հայտարարել են, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին` Մինսկի խմբի շրջանակներում»,-ասել է Կոբիան:
Նա հույս է հայտնել, որ Ռոմպեյը նույնպես այդ գործընթացին իր աջակցությունը կհայտնի:
Հերման Վան Ռոմպեյի այցը տարածաշրջան չի սահմանափակվելու Ադրբեջանով: Արդեն հայտնի է, որ այցի շրջանակներում ԵՄ բարձաստիճան պաշտոնյան կլինի նաև Հայաստանում:









