Հարսանեկան կառքը ՃՏՊ-ի պատճառ է դարձել Տյումենում

11:08 • 01.06.12

ՌԴ Տյումեն քաղաքում այսօր առավոտյան հարսանեկան կառքը ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դարձել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով քաղաքի ճանապարհային ոստիկանությանը:

 

Զարդարված կառքը կանգնել է փողոցի խաչմերուկներից մեկի մոտ, փեսան իջել է կառքից ու գնացել հարսի ետևից, կառապանն էլ որոշել է իջնել կառքից ու հանգստանալ: Այդ ժամանակ հարևանությամբ անցնող բեռնատարի վարորդը, հավանաբար ոգևորվելով «հարսանեկան միջավայրից», ազդանշան է արձակել ու հանգիստ շարունակել ճանապարհը, ինչից ձիերը վախեցել են ու սկսել այս ու այն կողմ վազել: Չորքոտանիները նախ բախվել են լուսացույցին, տապալել ճաապարհային սյունը, այնուհետ հայտնվել ծառերի արանքում:

 

Ճանապարհային ոստիկանության համաձայն` ձիերի սմբակների հարվածներից վնասվել է հարևանությամբ կայանված արտասահմանյան մակնիշի մեքենան:

 

«Դեպքը ծիծաղելի չէ, քանի որ միայն երջանիկ պատահականությամբ տարածքում ու կառքում մարդ չի եղել»,- հայտնել են իրավապահները: