Հոմսի հայկական եկեղեցին և դպրոցը սիրիացի ընդդիմադիրները որպես հիվանդանոց ու կեցավայր են օգտագործում
Հուլայի սպանդից հետո Սիրիայի Հոմս քաղաքի և շրջակայքի քրիստոնյա բնակչությունը փախչում է Լիբանան՝ վախենալով, որ կարժանանա Հուլայի զոհերի ճակատագրին, ահազանգում են տարբեր լրատվամիջոցներ:
Հիմնականում չեզոք քրիստոնյաները սիրիացի ընդդիմադիրների կողմից ընկալվում են որպես Ասադի ռեժիմին հավատարիմ զանգված: Այդ պատճառով նրանք հաճախ դառնում են իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին պատասխան քայլերի զոհեր:
Արդեն իսկ ավելի քան 50 հազար քրիստոնյա է հեռացել Լիբանան, Հորդանան, Իրաք և Թուրքիա: Սիրիայում մնացածները ապաստան են գտել Հալեպի փախստականների օգնության Ճիզվիտական կենտրոնում:
Քրիստոնյաները հայտնում են, որ իրենց տների վրա հարձակվում կամ դրանք գրավում են ալ-Կաիդայի հետ կապված «ֆանատիկոսները»: Այն դեպքում, երբ իրենց տներից հեռացել է քրիստոնյաների 90%-ը, վախ կա, որ Սիրիան, այս առումով, կդառնա «երկրորդ Իրաքը», որտեղ 1980-ականների վերջին 1,4 մլն քրիստոնյա բնակչությունից այսօր 300 հազարն է մնացել:
Հոմսը Սիրիայի քրիստոնյա համայնքի ամենախոշոր կենտրոններից էր: Իսլամիստներն այստեղ տնից տուն են գնում և քրիստոնյաներին պարտադրում անհապաղ հեռանալ իրենց տներից՝ թույլ չտալով վերցնել իրենց ունեցվածքը:
Կարիքավոր եկեղեցու օգնություն կաթոլիկ բարեգործական կազմակերպությունը Հոմսի քրիստոնյաներին աջակցելու է ամսական յուրաքանչյուր ընտանիքին 60-ական դոլար տրամադրելով: Նրանք հուսով են կազմակերպել փախստականների վերադարձը իրենց տներ:
Հոմսում քրիստոնյա հայ համայնքը տուժել էր իր դպրոցի և եկեղեցու վրա մայիսի 19-ին իրականացված հարձակումով, ինչը քննադատել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը: Հիմնականում քրիստոնյա արաբներով բնակեցված Հոմսի Համիդա թաղամասում գտնվող «Իսահակյան» դպրոցը և եկեղեցին այժմ հիվանդանոց և կեցավայր են ծառայում սիրիացի ապստամբների համար:









