ՀՀ–ն Քլինթոնից պետք է բացատրություն պահանջի հայ-թուրքական և ԼՂ հարցերի վերաբերյալ. Կիրո Մանոյան

13:42 • 01.06.12

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ ՀՀ իշխանությունները նրանից պետք է բացատրություն պահանջեն, թե, արդյո՞ք, ԱՄՆ-ը համոզված է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի նաև ինքնորոշման սկզբունքի հիման վրա, թե՞ ԱՄՆ–ի կեցվածքի մեջ որևէ փոփոխություն է տեղի ունեցել:

 

«Մեզ համար կարևոր է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հարցը, ինչպես նաև մեզ հետաքրքրող այն հարցերը, որոնցով հետաքրքված է նաև ԱՄՆ-ը` հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

 

Հիշեցնենք, որ տարածաշրջան այցելության շրջանակներում Հիլարի Քլինթոնը Հայաստան կայցելի հունիսի 4-ին։

 

Ըստ Կիրո Մանոյանի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ-ից պետք է պահանջել, որպեսզի այն ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի այն լուրջ վերաբերվի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման խնդրին:

 

«Թուրքիայի նախագահ Գյուլի վերջին հայտարարությունները շղարշ են` ուղղված միջազգային հանրությանը, որ ցույց տան, թե իբր՝ կա ինչ-որ գործընթաց, սակայն իրականում ոչ մի գործընթաց էլ չկա»,-մեկնաբանեց Մանոյանը:

 

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը նաև ասաց, որ Քլինթոնի՝ տարածաշրջան այցելությունը հիմնականում պայմանավորում է Իրանի շուրջ ծավալվող գործընթացներով։ Ըստ նրա՝ այս այցը նաև վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը մտահոգված է տարածաշրջանային խնդիրներով:

Կիրո Մանոյանի խոսքով` ԱՄՆ-ը Հայաստանից Իրանի հարցով շատ բան չի պահանջելու, քանի որ մինչև հիմա Հայաստանի կեցվածքը ԱՄՆ-ի համար հասկանալի է, և չկան այնպիսի հարաբերություններ, որոնք կարող են մտահոգել Միացյալ Նահանգներին:


Նրա համոզմամբ` Հիլարի Քլինթոնի այցը ևս մեկ առիթ է հայտարարելու, որ Հայաստանը Թուրքիային հնարավորություն է տվել հարաբերությունները կարգավորել՝ առանց նախապայմանների։ Սակայն քանի որ Թուրքիան չի արել դա, Հայաստանը պետք է ետ կանչի իր ստորագրությունը։