Գերմանիայում քուրդ գործչի են դատում

05:51 • 01.06.12

Համբուրգում մեղադրանք է ներկայացվել Թուրքիայի քաղաքացի, արգելված՝ Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամ Ալի Իխսան Կ.-ին (Ali Ihsan K.), հաղորդում է Nachrichten-tv-ն:

 

Դատախազության տվյալներով, նա աջակցել է քուրդ անջատողականներին 2007թ. մայիսից մինչ 2008թ. սեպտեմբեր:
Գերմանիայի ոստիկանությունը նրան ձերբակալել է 2011թ. հոկտեմբերին, և այդ ժամանակվանից նա ազատազրկված է:

 

Մեղադրյալը գլխավորել է ՔԱԿ-ի Համբուրգի, Կիլի, Բրեմենի և Օլդենբուրգի բջիջները: Առաջին հերթին նա կուսակցությանն անհրաժեշտ միջոցների հավաքագրմամբ է զբաղվել: Բացի այդ, նա քրդական անջատողականների միջոցառումներ և ցույցեր է կազմակերպել:


Մեղադրյալը 2008թ. ապրիլին մեկնել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդական պարտիզանական ջոկատների ճամբարներ, որտեղից վերադարձել է միայն սեպտեմբերին:


Քուրդ անջատողականները, ովքեր բնակություն են հաստատել Գերմանիայում, հաճախ ցույցեր և միջոցառումներ են կազմակերպում, որ բարձրաձայնեն իրենց մասին, և պահանջեն իրենց առաջնորդ Օջալանի ազատությունը:


Ապրիլին նրանք երկու անգամ փորձել են գերմանական զբոսաշրջային նավեր գրավել: Առաջին նման միջադեպը տեղի է ունեցել Քյոլնում, իսկ երկրորդը՝ Համբուրգում: ՔԱԿ-ի կողմնակիցները 2011թ. սեպտեմբերին գրոհել են գերմանական RTL հեռուստաալիքի խմբագրությունը, որ լրագրողներին ստիպեն եթեր հեռարձակել Օջալանի աջակցությանը նվիրված տեսանյութը: