Աշխարհի ամենաթանկ սուտակը վաճառվել է 6.7 մլն դոլարով
Բանկիր Էդմոնդ Սաֆրայի այրին` աշխարհի ամենահարուստ կանանցից համարվող Լիլի Սաֆրան, ով հայտնի է թանկարժեք զարդերի նկատմամբ սիրով ու բարեգործություններով, Christie's աճուրդում վաճառքի է հանել JAR տան` իր ունեցած զարդեղենի հավաքածուն: Ինչպես հաղորդում է «Բիզնես սթայլ»-ը, վաճառքից ստացված գումարը, որը կուղղվի բարեգործությանը, կազմել է 37.9 մլն դոլար, որը գրեթե կրկնակի ավելի է մեկնարկային գնից:
Սակայն աճուրդի «աստղը» փարիզյան Chaumet բրենդի սուտակով մատանին է եղել, որը վաճառվել է ավելի քան 6.7 մլն դոլարով: 32.08-կարատանոց քարով պատրաստված մատանու մեկնարկային գինը եղել է 3-5 մլն դոլար:
Աճուրդի արդյունքում ստացված ողջ գումարը կուղարկվի 20 կազմակերպությունների, այդ թվում` Էլթոն Ջոնի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին:
Բրազիլուհի Լիլի Սաֆրան ամուսնացել է հրեա բանկիր Էդմոնդ Սաֆրայի հետ 1976 թ.-ին, իսկ 1999թ.-ին նրա ամուսինը մահացել է իր առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով:









