Սաակաշվիլին ու Էրդողանը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Ստամբուլում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են տարածաշրջանում կայունության ու անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը` վկայակոչելով Վրաստանի նախագահի գրասենյակի հայտարարությունը: Երկու երկրների առաջնորդները կողմ են արտահայտվել տարածաշրջանային համագործակցության խորացմանը:
Էրդողանն աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու` Վրաստանի ձգտմանը` հաջողություններ մաղթելով այս ճանապարհին: Կողմերը քննարկել են նաև Վրաստանում իրավիճակը, անցկացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքը:
Սաակաշվիլին ու Էրդողանը շոշափել են նաև ռազմավարական համագործակցությանը, Ադրբեջանի հետ համատեղ իրականացվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը, կասպյան էներգակիրների` Եվրոպա մատակարարմանն առնչվող հարցեր:
Վրաստանի նախագահը մասնակցում է Ստամբուլում անցկացվող միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ճառով: Երեկ երեկոյան Էրդողանի անունից հանդիսավոր ընթրիք է տրվել, որի ժամանակ Սաակաշվիլին կարճատև զրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:









