Հայաստան կայցելի ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը
Այսօր Հայաստան կայցելի ԱՄՆ սենատոր, դեմոկրատ Դիք Դուրբինը, այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամլո ծառայությունից:
Դիք Դուրբինը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ` քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը և ներքին իրավիճակին առնչվող հարցեր:
Սենատոր Դուրբինն ու նրա ղեկավարած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենան Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացված հայ-թուրքական միջսահմանային ծրագրերի մասնակիցների և կին քաղաքական առաջնորդների հետ:
Տեղեկացնենք, որ սենատոր Դուրբինը հանդիսանում է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ: Նա նաև ընդգրկված է Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում, որի իրավասության դաշտում են գտնվում Եվրոպական մայրցամաքի, այդ թվում Կովկասի հետ կապված հարցերը:
Ենթահանձնաժողովը զբաղվում է ՆԱՏՕ–ի, Եվրոպական Միության և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությանն առնչվող հարցերով:









