Թայլանդում ընդդիմությունը գրավել է խորհրդարանի շենքը
Թայլանդի ընդդիմադիր «Հանուն ժողովրդավարության ազգային դաշինքի» ակտիվիստները, որոնք հայտնի են «դեղին վերնաշապիկներ» անունով, գրավել են խորհրդարանի շենքը, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով The Nation-ին:
Նրանք դեմ են «հաշտեցման մասին օրենքի» ընդունմանը, որի շուրջ քննարկումներ պետք է կայանային այսօր: Ընդդիմության կարծիքով` եթե այս օրինագիծն ընդունվի, ապա փաստացի համաներում կշնորհվի Թայլանդի նախկին վարչապետ Թաքսին Չինավատին, ով երկրից փախուստի է դիմել 2008 թ.-ին:
«Դեղին վերնաշապիկներն» իրենց ակցիան սկսել են վաղ առավոտյան, ավելի ուշ նրանց են միացել այլ ընդդիմադիր ակտիվիստներ, այսպես կոչված` «բազմագույն վերնաշապիկները»: Մայրաքաղաք Բանգկոկում խորհրդարանի շենքի մոտ է հավաքվել ավելի քան 1000 մարդ:
Ընդդիմադիրների գործողության պատճառով` խորհրդարանի նախագահ Սոմսակ Կյարթսուրանոնը ստիպված է եղել օրինագծի քննարկումը հետաձգել մի քանի ժամով:
Թաքսին Չինավատը վարչապետ է եղել 2001-2006թթ., ինչից հետո հեռացվել պաշտոնից` ռազմական հեղաշրջման արդյունքում: 2008-ին արտերկրից հայրենիք վերադարձած Չինավատի նկատմամբ առաջադրվել են կոռուպցիայի ու պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներ: Նախկին վարչապետը ձերբակալվել է, սակայն գրավի դիմաց` ազատ արձակվել, ինչից հետո նա, մեկնելով Պեկին` օլիմպիական խաղերը դիտելու, հրաժարվել է վերադառնալ հայրենիք և բնակություն հաստատել Մեծ Բրիտանիայում:









