Մահվան ելքով վրաերթ՝ Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Միկա» բենզալցակայանի դիմաց (լուսանկարներ, տեսանյութ)

15:01 • 01.06.12

Այսօր՝ հունիսի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտավորապես ժամը 14.30-ի սահմաններում Հրաչյա Քոչար 24/1 հասցեում գտնվող «Միկա» բենզալցակայանի դիմաց «Կամազ» մակնիշի 54 ԼՕ 541 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 35–ամյա Գագիկ Հարությունյանը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածում անցնող հետիոտնին, ով տեղում մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վրաերթի ենթարկվածը աշխատում էր «Միկա» բենզալցակայանում որպես հավաքարար։ Վերջինս 60-ամյա Ժաննա Սաղաթելյանն էր։


Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, իսկ նրա վարած «Կամազը» օգտագործվել է նշված հատվածում ասֆալտապատման աշխատանքների համար և վրաերթը տեղի է ունեցել ավտոմեքենայի հետընթացի ժամանակ։


Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը և Երևանի Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները։


Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանաապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։

 

Վրաերթի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ դեռ ԽՍՀՄ տարիներից այս փողոցն ունեցել է հետիոտնի անցումների գծանշումներ։ Սակայն, վերջին մի քանի տարիներին դրանք անհետացել են և այս հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում վրաերթերը, հաճախակի են լինում։

Նրանք հույսով են, որ այս դեպքից հետո պատկան մարմինները կձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ, որպեսզի նշված հատվածում վերականգնվի գծանշումները։
 

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի