«Ցանկությունների պատ»՝ Երևանում իրականացվելիք փոփոխությունների համար
Երևանցիներին քաղաքապետարանը հորդորում է լինել առավել ակտիվ՝ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման նախաձեռնություններում:
Այդ նպատակով, քաղաքապետարանը «Ամերիա» բանկի հետ միասին նախաձեռնել է «Ցանկությունների պատ» ծրագիրը, որի մեկնարկը տրվեց այսօր՝ երեխաների պաշտպանությանը նվիրված միջոցառման շրջանակներում:
«Ամերիա» բանկի ներկայացուցիչ Քրիստինե Եղիազարյանը Tert.am-ին ներկայացրեց ծրագրի իմաստը, ըստ որի, քաղաքի տարբեր հատվածներում կտեղադրվի «Ցանկությունների պատ», որի վրա քաղաքացիները հնարավորություն կունենան գրել մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց ցանկություններն ու առաջարկները:
«Օրինակ, ես ցանկանում եմ այսինչ այգում լիներ ինչ-որ հետաքրքիր լուծումներով ձևավորումներ կամ թեկուզ շատրվան, որոնք իմ մտքով անցել են, բայց քանի որ ես ֆինանսապես և ֆիզիկապես դա չեմ կարող իրականացնել, ապա դրա մասին գրելով Ցանկությունների պատին, հնարավոր է և այն իրականանա՝ ճանաչվելով մյուսներից լավագույնը»,- ասաց նա:
Քրիստինե Եղիազարյանը նշեց, որ «Ցանկությունների պատին» հիմնական գրառումները կսկսվի հունիսի 4-ից և կտևի մինչև հունիսի 15-ը:
Արդյունքները ժյուրին, կամփոփի ավելի ուշ: Ժյուրիի կազմում են քաղաքապետարանի և բանկի ներկայացուցիչները։









