Սերժ Սարգսյանը ևս իր թոռնիկի հետ այցելեց կենդանաբանական այգի (լուսանկարներ)
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Երևանի քաղաքապետարանը միջոցառումներ է կազմակերպել Երևանի կենդանաբանական այգում, որտեղ իր թոռնիկի հետ այսօր այցելեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրանք շրջեցին այգում, և Սերժ Սարգսյանը, միաժամանակ, ծանոթացավ այգում կատարված աշխատանքներին:
Կենդանաբանական այգի էր այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողների հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ այգին բաց է լինելու ամբողջ օրվա ընթացքում և իրենք անելու են ամեն ինչ՝ օրը տոն դարձնելու համար:
Հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետն իր երեխաների հետ միասին չի եկել այգի, Մարգարյանն ասաց, որ այսօր իր երկու երեխաներն իրենց օրն անցկացնելու են իրենց նորածին եղբոր հետ, որը ծնվել է հենց այսօր:
Երևանի քաղաքապետը միաժամանակ նշեց, որ ինքն իր երեխաների հետ հաճախակի է այցելում կենդանաբանական այգի:
Նշենք նաև, որ այսօր կենդանաբանական այգու փոքրիկ այցելուները հնարավորություն կունենան դիտելու այգու տարբեր հատվածներում կազմակերպված թատերական ներկայացումները և ունկնդրելու մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտների մասնակցությամբ կազմակերպված տոնական համերգը:
Տոնի առիթով քաղցրավենիք արտադրող մի շարք ընկերություններ իրենց արտադրանքն անվճար բաժանում էին երեխաներին՝ կոնֆետներ, պաղպաղակներ, հյութեր և այլն:









