Բրիտանացի պատգամավորները ցանկանում են անվանափոխել «Բիգ Բեն»-ը` Էլիզաբեթ թագուհու պատվին

14:02 • 02.06.12

Մեծ Բրիտանիայի խորհրդանիշ համարվող «Բիգ Բեն» ժամացույցի աշտարակը կարող է շատ շուտով անվանափոխվել` Էլիզաբեթ թագուհու գահակալման 60-ամյակի առթիվ, հայտնում է The Daily Mail-ը:

Պահպանողական պատգամավոր Թոբաիս Էլվուդի նախաձեռնության ներքո ստորագրել են խորհրդարանի Համայնքների պալատի 331 պատգամավոր:

Այս գաղափարին կողմ պատգամավորների թվում են երեք խոշորագույն կուսակցությունների` պահպանողականների, լեյբորիստների ու լիբերալ դեմոկրատների առաջնորդները:

Փաստաթուղթը ստորագրել է նաև երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը:


Մարտին այս նախաձեռնությանն աջակցությունն էր հայտնել ընդամենը 23 օրենսդիր: Այս քայլով պատգամավորները ցանկանում են արժանին մատուցել թագուհուն 60 տարիների կատարած աշխատանքի համար: 

«Հրաշալի է, որ այսքան թվով պատգամավորներ աջակցում են այս նախաձեռնությանը: Սա մեր հարգանքի տուրքը կլինի թագուհուն»,- ասել է վարչապետը:


Օրենսդիրները խոստովանել են, որ Լոնդոնի խորհրդանիշը խոսակցականում կպահպանի իր անունը`«Բիգ Բեն», սակայն պաշտոնական անվանումը կփոխվի «Էլիզաբեթի աշտարակ»:

Անվանափոխության մասին վերջնական որոշումը կընդունվի հունիսի վերջին, Համայնքների պալատի հանձնաժողովի կողմից (թե կոնկրետ որ հանձնաժողովի, չի նշվում):