ԱՄՆ–ում գողացել են մորմոնների` $100.000 արժողությամբ սուրբ գիրքը

10:14 • 02.06.12

Ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆենիքս արվարձանի գրախանութից գողացել են «Մորմոնի գիրքը» հնագույն հրատարակությունը, որի արժեքը մոտ 100.000 դոլար է:

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, խոսքը մորմոնների սուրբ գրքի առաջին հրատարակության նմուշի մասին է:

Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի սրբերի եկեղեցու «հիմնաքարը» համարվող աշխատությունն առաջին անգամ հրատարակվել է 1830թ.-ին, 5.000 տպաքանակով: Գիրքը, որի կազմը կաշվից է, ունի 588 էջ:


Ութսունութամյա Հելեն Շլին՝ խանութի տիրուհին, որտեղից անհետացել է հազվագյուտ հատորը, պատմել է, որ այն գնել է 1960-ականների վերջին: Նա գրքի անհետացումը  հայտնաբերել է, երբ Ասիայից ԱՄՆ այցելած երկու կին միսիոներներ ցանկացել են նկարվել գրքի հետ:

Խանութի տիրուհու խոսքով` «Մորմոնի գիրքը» պահվել է իր աշխատասենյակում, հատուկ հրակայուն արկղի մեջ:


Հելեն Շլին 2005թ.-ից սկսել է վաճառել գրքի թերթիկները` յուրաքանչյուր էջի համար 2.500-4.000 դոլարով: Նրա խոսքով` այդ գումարն իրեն հարկավոր է եղել երիտասարդ մորմոնների ուսման ու միսիոներական գործունեության համար: