Կոլումբիայի նախագահը հայտարարել է ապստամբների հետ հաշտեցման մասին
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (ԿՀԶՈՒ) գրոհայինների հետ հաշտեցման մասին, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով Heraldo թերթին:
Նախագահի խոսքով, սակայն, հաշտեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ապստամբների կողմից զինված պայքարի դադարեցման մասին ուղերձն ապացուցվի նրանց կոնկրետ գործողություններով:
ԿՀԶՈՒ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է երկրում խաղաղության հաստատման պատրաստակամության մասին: Զինված ապստամբական խմբավորումը հարավամերիկյան այս երկրի իշխանությունների դեմ պայքար է մղում 1964թ.-ից` հանուն «նոր Կոլումբիայի» և արդարության ու հավասարության:
ԿՀԶՈՒ-ն Միացյալ Նահանգների ու եվրոպական մի շարք երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական խմբավորում:
Կոլումբիայի կառավարությունն այժմ ստուգում է գրոհայինների տարածած հաղորդագրության իսկությունը: Եթե պարզվի, որ փաստաթուղթն իրական է, ապա կառավարությունը կնստի բանակցությունների սեղանի շուրջ:









