Վարչապետը կմնա նույնը, նախարարների հարցը դեռ որոշված չէ. ՀՀԿ գրասենյակում ավարտվել է ԳՄ նիստը
16.48
Քիչ առաջ ավարտված ՀՀԿ Գործադիր մարմնի, ինչպես նաև դրան հաջորդած կուսակցության Խորհրդի նիստի ժամանակ որպեսս ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրվել է Տիգրան Սարգսյանը: Այս մասին նիստին հաջորդած ճապազրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս տեղեկացրեց, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունն ընդունվել է միաձայն:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյո՞ք քննարկվել է մյուս նախարարների հարցը, ինչին ի պատասխան Շարմազանովը տեղեկացրեց, որ նախարարների հարց չի քննարկվել, միայն հայտնի է, որ իրենց պաշտոնավարումը կշարունակեն Արտաքին գործերի, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարները, իսկ մնացած նախարարների հարցը կքննարկվի մի քանի օրից։ Շարմազանովը տեղեկացրեց, որ այդ հարցերը օրենքով սահմանված կարգով կքննարկվեն 20-օրյա ժամկետում։
Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ ժամանեց կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մասնակցելու ժամը 16։00–ին մեկնարկած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին։
Դրանից առաջ ժամանել էին նաև ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը, ով, սովորության համաձայն, այստեղ եկավ ոտքով։
Հարցին, թե պարոն վարչապետ ի՞նչ եք կարծում, կշարունակե՞ք պաշտոնավարել, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Լցվե՛ք համբերությամբ և կիմանաք ամեն ինչ»։
Նշենք նաև, որ Հովիկ Աբրահամյանը շրջում է ԱԺ նախագահի իր նոր մեքենայով, իսկ Սամվել Նիկոյանը ՀՀԿ գրասենյակ եկավ առանց թիկնազորի և մեկ մեքենայով։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվելու է վարչապետի, և հնարավոր է նաև կառավարության կազմի, այսինքն` նախարարների նշանակման հարցը։









