Մեզ հայտնի է Դամասկոսին ռուսական զենքի պարբերական մատակարարումների մասին. Հիլարի Քլինթոն (տեսանյութ)
Սիրիայի միջազգային դատապարտումը շարունակվում է, և այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև նոր կոնֆլիկտ է առաջացել այդ ճգնաժամի կարգավորման կապակցությամբ, հաղորդում է Fox News-ը, որի թղթակիցները ներկայացնում են Սիրիայում տիրող իրավիճակը:
Այսօր կառավարական զորքերը շարունակել են Հոմսի գնդակոծումը: Արդեն չորս օր շարունակ գնդակոծվում է ապստամբների հենակետը: Միևնույն ժամանակ Ասադի դեմ ցույցեր են ընթանում ամբողջ երկրի տարածքում:
Հալեպում ցուցարարները անցել են կառավարական զորքերի արձակած գնդակների տարափի ներքո՝ հրաժարվելով փախչել, երբ Ասադի զորքը կրակել է նրանց ուղղությամբ:
Հոմսից ոչ հեռու գտնվող Ալ-Քուսեյր քաղաքում, իրավապաշտպանների պնդմամբ սպանդ է տեղի ունեցել: Զինված մարդիկ գնդակահարությամբ պատժել են պետական գործարանում աշխատող 11 բանվորի: Ասադի կողմնակից ակտիվիստները պնդում են, որ դա ապստամբներն են իրականացրել: Սակայն դա ճշտելը դեռ անհնար է:
Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Ռուսաստանի դեմ, քննադատելով Ասադի ռեժիմի աջակցությունը:
«Մեզ հայտնի է շատ պարբերական կերպով իրականացվող զենքի առևտրի մասին, նույնիսկ վերջին տարվա ընթացքում, երբ Սիրիայում բռնություններ են տեղի ունենում` այնտեղ Ռուսաստանից զենք է մատակարարվում: Նաև մենք կարծում ենք ռուսական զենքի շարունակվող մատակարարումը ամրացնում է Ասադի ռեժիմը», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժխտում է այդ պնդումները՝ ասելով, որ Ռուսաստանը չեզոք դիրք է գրավում, ավելացնելով, որ Մոսկվան պատրաստ է ճգնաժամի խաղաղ կարգավորման որոշում գտնելու հարցում:
Fox News-ի թղթակիցը հաղորդում է, որ Քլինթոնի, ինչպես նաև Պուտինի և այլոց հայտարարությունը լայն քննարկվում է ԶԼՄ-ներում, սակայն դրանք Սիրիայի իրավիճակի կարգավորման վրա դրական ազդեցություն չեն թողնում: Արդյունքում շատ սիրիացիներ հարց են տալիս, թե միջազգային հանրությունը իսկապե՞ս հետաքրքրված է երկրում արյունահեղության դադարեցմամբ:









