Հուլայի սպանդը ցույց է տալիս, թե ինչի կարող է հանգեցնել գրոհայիններին աջակցելը. ՌԴ
Սիրիայի Հուլա բնակավայրի ողբերգությունը, որտեղ բազմաթիվ երեխաներ և անմեղ մարդիկ են զոհվել, հետևանք է գրոհայիններին տրամադրված ֆինանսական օգնության և սպառազինության մաքսանենգ մատակարարումների և տարբեր տեսակի էքստրեմիստների հետ «սիրախաղերի», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ Հուլայի դաժան ողբերգությունը Սիրիայի իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանի իրադրության կտրուկ սրման պայթուցիչ հանդիսացավ:
«Սիրիական իշխանությունների կատարած հետաքննությունը, որի արդյունքները ներկայացվել են մայիսի 31-ին, վկայում է, որ հանցագործությունը գրոհայինների լավ կազմակերպված ակցիա էր, որի նպատակը սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման խաթարումն էր: Այդ բարբարոսական ոճրագործությունն իրականացնողները և պատվիրատուները պետք է ամենախիստ պատիժը կրեն», - ասվում է մեկնաբանության մեջ:
Լուկաշևիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը արդեն բազմիցս ներկայացրել է այն իրական պատճառները, որոնք խոչընդոտում են Սիրիայում Անանի ծրագրի կատարման ընթացքը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հուլայի դեպքերի հետաքննությունը անցկացրած հանձնաժողովի ղեկավար գեներալ Կասեմ Ջամալ Սուլեյմանը հայտարարել էր, որ զանգվածային սպանդը հրահրվել է այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են այնպես անել, որ աշխարհը մտածի, թե Սիրիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել:
Նրա խոսքով, 800 զինված գրոհայիններ հարձակվել են սիրիական բանակի և անվտանգության ուժերի դիրքերի վրա, որոնք տեղակայված էին Հուլա գյուղի շրջանում: Բանակը գյուղ չի մտել ո´չ մինչ հարձակումը, ո´չ էլ դրանից հետո:
«Այնպես է ստացվում, որ կարծես թե խաղաղ բնակչության շրջանի բոլոր զոհերը մարդիկ են, ովքեր հրաժարվել են ապստամբել կառավարության դեմ կամ դիմադություն են ցույց տվել զինված խմբավորումներին», - հայտարարել էր գեներալ Կասեմ Ջամալ Սուլեյմանը:









