ՄԱԿ-ը կոչ է անում Սիրիայի Հուլա ավանի սպանդի հետաքննություն անցկացնել

12:14 • 02.06.12

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հունիսի 1-ին հրավիրած արտահերթ նիստում կոչ է արել Սիրիայի Հուլա ավանում զանգվածային սպանությունների հետաքննություն անցկացնել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սպանդի իրագործողներն ու կազմակերպողները կմեղադրվեն ռազմական հանցագործությունների մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 25-26-ին կատարված սպանություններին զոհ է գնացել ավելի քան 100 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ:

Բանաձևի համաձայն` պետք է անցկացվի «միջազգային, թափանցիկ, անկախ ու արագ հետաքննություն»: Փաստաթղթին կողմ են արտահայտվել Խորհրդի 47 անդամներից 41-ը: Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանն ու Կուբան: Երկու երկիր ձեռնպահ են մնացել, իսկ մի երկրի ներկայացուցիչը բացակայել է:

Խորհրդում Սիրիայի ներկայացուցիչը հայտնել է, որ բանաձևին աջակցող երկրները, այդ թվում` Թուրքիան ու Կատարը, պատասխանատու են մարդկանց մահերի համար, քանի որ նրանք զենք են մատակարարում գրոհայիններին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայն էլ նշել է, որ Հուլայում սպանությունները կարող են որակվել որպես մարդկության դեմ հանցագործություն:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել «գործադրել բոլոր ջանքերը` անպատժելիությանը վերջ դնելու համար» և պատասխանատվության ենթարկել «գազանությունների» մեղավորներին:

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հայտարարել է, որ բռնությունները շարունակվում են` չնայած, որ հակամարտող կողմերն ընդունել են սիրիական խնդրի կարգավորման իր ծրագիրը, որով ապրիլին երկրում հրադադար էր հաստատվել:


Սիրիայի կառավարության անցկացրած հետաքննության համաձայն` սպանությունների մեղավորը զինված ապստամբական խմբավորումներն են, որոնք ձգտում են հրահրել այլ երկրների ռազմական միջամտությունը: