Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում չի առաջադրվի
Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկա նախագահական ընտրություններում չի մասնակցի որպես նախագահի թեկնածու։ Նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ հարցին վերջինս պատասխանեց. «Ո՛չ, չեմ ցանկանում լինել նախագահի թեկնածու»: Ճշտող հարցին էլ, թե իսկ «Ժառանգության» առաջնորդը ո՞ւմ է տեսնում որպես այլընտրանքային նախագահի թեկնածու, ինչի մասին, ի դեպ, հաճախ հայտարարում են իրենք, Րաֆֆի Հովհաննիսյանն իբրև պատասխան ասաց. «Իմ ցանկությունը դեռ քիչ է»:
«Ես պետք է նշեմ, որ իմ ցանկությունը քիչ է, պետք է ժողովներ անցկացնենք, քաղաքացիների հետ քննարկումներ, լրագրողների հետ քննարկումներ կազմակերպենք, պետք է լինի հավաքական միասնական թեկնածու, որպեսզի կարողանանք հասնել հաղթանակի»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Նախագահական ընտրություններում իշխող` Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Օրինաց երկիրը» հանդես են գալու նախագահի մեկ միասնական թեկնածուով`պաշտպանելով ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ընտրություններին որպես թեկնածու հանդես գալու հայտարարություններ առայժմ արել են «Մարքսիստական» կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, և «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:









