Եգիպտոսի նախկին նախագահը ցմահ դատապարտվելուց հետո բանտում ինֆարկտ է տարել

17:56 • 02.06.12

Եգիպտոսի նախկին նախագահ Հուսնի Մուբարաքն այսօր ցմահ դատապարտվելու մասին դատավճիռը լսելուց հետո տեղափոխվել է բանտ, որտեղ էլ ինֆարկտ է տարել:
 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այժմ բժիշկները փորձում են կայունացնել նախկին նախագահի առողջական վիճակը:
 

Այսօր 84–ամյա Մուբարաքը մեղավոր էր ճանաչվել անցյալ տարի հակակառավարական ցույցերի ընթացքում ցուցարարների զանգվածային սպանությունների համար և դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
 

Նույնպիսի վճիռ է կայացվել Մուբարաքի օրոք երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ Ադլիի գործով:


Դատավճռի հրապարակումից հետո բախումներ են սկսվել Հոսնի Մուբարաքի կողմնակիցների, հակառակորդների և ոստիկանների միջև:
 

Դատարանի վճիռը զայրացրել է ինչպես նրա կողմնակիցներին, այնպես էլ նրա մահապատիժը ցանկացող հակառակորդներին: