Муз-ТВ-ի երեկույթից հետո ռուս պրոդյուսերը մահացած է հայտնաբերվել
Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչ, հայտնի պրոդյուսեր, «Լասկովիյ մայ» խմբի նախկին անդամ Ալեքսեյ Բուրդան մահացած է հայտնաբերվել Муз-ТВ երաժշտական հեռուստաալիքի հոբելյանական մրցանակաբաշխության երեկույթից հետո, հայտնում է Life News-ը:
Երեսունիննամյա պրոդյուսերի դին հայտնաբերվել է Մոսկվայի Չերկիզովի գերեզմանատնից քիչ հեռու:
Տասներորդ մրցանակաբաշխությունն անցկացվել է հունիսի 1-ին, «Օլիմպիյսկի» մարզահամալիրում, որին հաջորդել է երեկույթը:
Ոստիկանությունից Life News-ին հայտնել են, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, կողոպուտի մասին խոսելն էլ վաղ է, քանի որ պրոդյուսերի ոսկյա զարդերը եղել են նրա վրա:
Ըստ նախնական վարկածի` նա մահացել է ալկոհոլային թունավորման հետևանքով:
«Լասկովիյ մայ» խմբից հետո, նա 2004թ.-ին հիմնել է StarMedia պրոդյուսերային կենտրոնը, կազմակերպել ռուսական էստրադայի աստղեր Դիմա Բիլանի, «Մաշինա վրեմենի» խմբի, «Իվանուշկի International», Անդրեյ Գուբինի, Վյաչեսլավ Դոբրինինի, Տատյանա Բուլանովայի, Դմիտրի Մալիկովի և այլոց համերգները:









