Պուտինը Ֆրանսիայում ասել է, որ Ռուսաստանը ո՛չ Ասադի կողմնակիցն է, ո՛չ նրա հակառակորդների

01:45 • 02.06.12

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Բեռլին, որտեղ բանակցություններ է անցկացրել կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Իոահիմ Գաուկի հետ, որից հետո մեկնել է Փարիզ և բանակցել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:


Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ հերքել է այն կարծիքը, ըստ որի, Ռուսաստանը հատուկ հետաքրքրություն ունի Սիրիայի հարցում՝ հիշեցնելով, որ Բաշար Ասադը ավելի հաճախ Փարիզում էր լինում, քան Մոսկվայում:


«Երբեմն ես լսում եմ, որ Ռուսաստանը ինչ-որ հատուկ հետաքրքրություն ունի։ Դա լիակատար մոլորություն է»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ կաներ նա, եթե իրեն խնդրեին ընդունել Ասադին ընտանիքի հետ միասին:


«Բաշար Ասադը ավելի հաճախ Փարիզում էր լինում, քան Մոսկվայում», - նշել է Պուտինը և ավելացրել, որ գլխավոր խնդիրը իրավիճակի վերահսկողության տակ պահելն ու քաղաքացիների սպանդը կանխելն է:

 

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ բնակավայրերից մեկում տեղի ունեցած ողբերգությունը դարձել է համաշխարհային հանրության լայն քննարկման առարկա, սակայն ոչինչ չի ասվում, թե ինչքան անմեղ մարդ է զոհվել հակառակ կողմի` այսպես կոչված գրոհայինների ձեռքերից: Ըստ Պուտինի՝ այդ թիվն անցնում է հարյուրները:


ՌԴ նախագահը շեշտել է, որ իր երկրի խնդիրն այն է, որ հակամարտության կողմերը հաշտվեն: «Մենք չենք ընտրում «յուրայինների» և «ոչ յուրայինների»: Մենք ցանկանում ենք հոգալ բոլորի մասին և ցանկանում ենք գործը հասցնել այնպիսի վիճակի, երբ հնարավոր կլինի խնդրի խաղաղ, քաղաքական լուծում»,- նշել է Պուտինը: