Տուլայում հայ գործարարի ընտանիք ներխուժած ու ողջ մնացած գողը դատապարտվել է 2-ամսյա կալանքի

15:24 • 02.06.12

Ռուսաստանի Դաշնության Տուլայի քաղաքային դատարանն այսօր երկամսյա կալանքի է դատապարտել ռուսաստանաբնակ հայ գործարար Գեղամ Սարգսյանի (նկարում) բնակարան ներխուժած ու հանցախմբի  ողջ մնացած միակ անդամ` Վրաստանի քաղաքացի Իրաքլի Աբդուլաձեին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 


Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ատրճանակներով, դանակներով և բեյսբոլի մահակով զինված չորս ավազակ (ինչպես հետագայում պարզվել է` նախկինում ազատազրկված) ներխուժել էր 52-ամյա գործարարի տուն և սկսել հարվածներ հասցնել ոչ միայն տանտիրոջը, այլ նաև նրա կնոջը, դստերը և նույնիսկ վերջինիս չորս մանկահասակ երեխաներին, որոնցից ամենակրտսերը մոտ մեկ տարեկան է:

Ընտանիքին պաշտպանելու համար Սարգսյանը խոհանոցային դանակով մահացու հարվածներ էր հասցրել նրանցից 3-ին: Չորրորդ ավազակին հաջողվել էր փախուստի դիմել: Հանցախմբի զոհերի թվում եղել է ևս մեկ վրացի ու ՌԴ 2 քաղաքացի:


Աբդուլաձեի հայտնաբերման ու ձերբակալման մասին հայտնի էր դարձել ուրբաթ:

Հայ գործարարը քրեական գործի շրջանակներում հանդես է եկել որպես տուժող կողմ, քանի որ նրա գործողությունները դուրս չեն եկել ինքնապաշտպանության` օրենքով թույլատրված սահմաններից: