Հայաստանը կարևորում է փոխշահավետ կապերը Իրանի հետ.Սերժ Սարգսյան

15:43 • 02.06.12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է փոխշահավետ համագործակցությունը «հուսալի հարևան և լավ բարեկամ Իրանի հետ»:

Երկուստեք ողջունելով Հայաստանի և Իրանի միջև վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալների աճը և ընդգծելով դրանք ավելի մեծացնելու առկա ներուժը՝ զրուցակիցները հույս են հայտնել, որ հատկապես էներգետիկայի բնագավառի առանցքային նախագծերի իրականացումը կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին:

Իրանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները:

Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել և բարձր են գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը նախատեսված է մոտակա օրերին անցկացնել Երևանում: