Վարչապետի պաշտոնում վերանշանակումը Տիգրան Սարգսյանի համար սպասելի էր, իսկ ԲՀԿ–ի՝ կոալիցիա չկազմելը՝ ափսոսանքի առարկա
Լուսանկարը՝ Panarmenian Photo–ի
Վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումը իր համար սպասելի է եղել: Այս մասին այսօր հայտարարեց Տիգրան Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո դուրս գալով և մի քանի րոպե լրագրողների հետ զրուցելով:
Ինչ վերաբերում է ապագա կառավարության կազմին, ապա Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ տասնօրյա ժամկետում կառավարության կազմը կներկայացվի:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ սահմանադրության՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հայտարարում է իր հրաժարականի մասին: Դրանից հետո տասը օրվա ընթացքում պետք է նշանակվի նոր վարչապետ, իսկ այնուհետեւ 20 օրվա ընթացքում ձեւավորվի նոր կառավարություն:
Հարցին, թե ինչ ծրագրով է պատրաստվում առաջիկա 5 տարիներին ղեկավարել երկրի տնտեսական քաղաքականությունը, Տիգրան Սարգսյանը նշեց, որ նոր կառավարության՝ ԱԺ-ին ներկայացվելիք ծրագրի հիմքում ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթներն են:
Պատասխանելով լրագրողների հարցին, վարչապետը ափոսոսանք հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցում կոալիցիոն նոր կառավարությանը:
Սրանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը ոտքով շարժվեց դեպի կառավարության շենք:
Նշենք, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացած Գործադիր մարմնի, ինչպես նաև դրան հաջորդած կուսակցության Խորհրդի նիստի ժամանակ քննարկելով ՀՀ Վարչապետի թեկնածուի հարցը, ՀՀԿ առաջնորդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, ինչը միաձայն ընդունվել է։









