«Լեքսուս»–ն ու «ԲՄՎ Իքս 5»–ը բախվել են իրար. վթարի վայրում հավաքված «ջահելները» սպառնացել են ֆոտոլրագրողին (լուսանկարներ, տես–թ)

20:27 • 02.06.12

Այսօր՝ հունիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կասյան–Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» մակնիշի 15 ՕՕ 606 համարանիշի և «ԲՄՎ Իքս 5» մակնիշի 09 OV 999 համարանիշի ավտոմեքենաները։


Բախման հետևանքով «Լեքսուսը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթեզրին։ Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության (ՈՔԳՎ) Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՔՎ ՃՏՀ) քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանի գլխավորությամբ, «ԲՄՎ Իքս 5»-ի վրայից հանվել էին ավտոմեքենայի համարանիշները։


Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով երկու վարորդներն էլ տեղափոխվել են թիվ 3 հիվանդանոց։ «ԲՄՎ Իքս 5»-ը վարել է 21-ամյա Տարոն Ղարիբյանը, իսկ «Լեքսուսը»՝ 20-ամյա Նարեկ Մխիթարյանը։


Գ. Շամշյանի տեղեկություններով «ԲՄՎ Իքս 5»–ը գրանցված է Երևանի 16 թաղամասի 40 շենքի բնակիչ Խաչատուր Գալստյանի անունով։ Վթարի վայրում մի քանի երիտասարդներ փորձել են խոչընդոտել Շամշյանի աշխատանքը՝ անգամ սպառնալով, որ եթե «ԲՄՎ Իքս 5-ը» հայտնվի եթերում կամ համացանցում, ապա խնդիրներ է ունենալու։


Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ՈՔԳՎ Երևանի ՔՎ ՃՏՀ քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը։ Վթարի վայրում «ԲՄՎ Իքս 5»-ի «ջահելները» փորձում էին ՃՈ աշխատակիցներին և քննիչներին համոզել, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ, սակայն քննիչի հանձնարարականով երկու մեքենաներն էլ տեղափոխվել են տուգանային հրապարակ։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի