Հայ երիտասարդ գինեգործներն ուսումնական այց են կատարել Ավստրիա
Վիեննայի քաղաքապետարանի մամուլի և տեղեկատվական ծառայության միջազգային հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ` 12 հայ երիտասարդ գինեգործներ (Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողներ և փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչներ) մասնակցել են 2012թ. մայիսի 28-ից հունիսի 1-ը Ավստրիայի գինեգործական շրջաններ կազմակերպված ուսումնական այցին:
Ինչպես տեղեկացնում է ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը, նախաձեռնության իրականացմանն աջակցել են Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումը, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁԶԱԿ), ավստրիական «PANPLAN» խորհրդատվական ընկերությունը ու Ավստրիայում ՀՀ դեսպանությունը:
Ուսումնառության ժամանակ մասնակիցներն այցելել են գինեգործական տարբեր դպրոցներ, խաղողի այգիներ, գինեգործների և գինեվաճառների Ավստրիայի հիմնական գինեգործական շրջաններում:
Ուսումնառության ավարտի կապակցությամբ երիտասարդ գինեգործները հյուրընկալվել են Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի, Ավստրիայի Արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի վարչության պետ Տիկին Հայդամարիա Գյուրերի և Հայաստանում ու Ուզբեկստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան դոկտոր Ալոիս Կրաուտի կողմից:
Երիտասարդ գինեգործներին հանձնվել են մասնակցության վկայագրեր:









