Տավուշի մարզի միջադեպն ուղղակիորեն կապված է Քլինթոնի հայաստանյան այցի հետ. ռազմական փորձագետ
Տավուշի մարզի Չինարի գյուղում այս գիշեր տեղի ունեցած սահմանային միջադեպն ուղղակիորեն կապված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցելության հետ։ Հայաստանյան կարևորագույն այցերի օրերին սահմանում միջադեպեր հրահրելը թուրք–ադրբեջանական քաղաքականության մասն է կազմում։ Այս մասին Tert.am—ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով այս գիշեր Տավուշում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիային և դրա հնարավոր առնչությանը Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցին։
Ըստ փորձագետի՝ բոլոր այն ժամանակներում, երբ որևէ երկրի պաշտոնյա է այցելել Հայաստան, Ադրբեջանը լարվածություն է ստեղծել սահմանին՝ փորձելով ապակայունացնել իրավիճակը և ցույց տալ, որ ինքը պատրաստ է նաև խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ «Հատկապես հիմա, երբ Արևմուտքը ուշադրություն դարձրեց ալիևյան կլանի վրա, Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունը՝ սահմանի վրա միջադեպեր հրահրելով` դրանով ցանկանալով ասել, թե այն, ինչ BBC–ն ցույց է տվել Ադրբեջանի մասին, իրականության չի համապատասխանում», – ընդգծեց Հովհաննիսյանը։ Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ ինքը ոչ մի խնդիր չունի ներսում, իր բոլոր խնդիրները լուծված են և միակ չլուծված խնդիրը Ղարաբաղի հարցն է։
Մեր հարցին, թե Քլինթոնի հայաստանյան այցի ժամանակ Ղարաբաղի խնդիրը ի”նչ տեղ կզբաղեցնի պաշտոնական հանդիպումների քննարկումներում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Արևմուտքի համար հիմա՝ առավել քան երբևէ Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը ռազմավարական խնդիր է։ Արևմուտքը հիմա այնքան խնդիրներ ունի, որ Ղարաբաղի նման, մեղմ ասած, փոքր խնդիրը նրա համար հիմա առաջնային չէ։ Իսկ ընդհանրապես Արևմուտքը, ընդհանուր առմամբ վերահսկելով ղարաբաղյան բանակցային գործընթացը, բազմաթիվ անգամներ հասկացրել է, որ խնդրի լուծումը թողնում է Մոսկվային»։









