Հիլարի Քլինթոնը մասնակցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված մրցանակների հանձնման արարողությանը (թարմացված, լուսանկարներ)

17:23 • 04.06.12

 Լուսանկարները՝ Panarmenian Photo-ի

 

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արդեն Հայաստանում է: «Զվարթնոց» օդանավակայանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային դիմավորել է ՀՀ Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Դիմավորողների թվում է եղել նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա է գտնվել ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից:


Պետքարտուղար Քլինթոնը իր խոսքը հղել է միջոցառման մասնակիցներին և առանձին հանդիպում ունեցել մրցանակներ ստացած անձանց հետ: Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն էր` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

Միջոցառումը բացել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման`Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը՝ ասելով. «Արթուր պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք համընդհանուր հավանության չեն արժանանա. Նա մշտապես աշխատում է Հայաստանում հանդուրժողականությունն առավել մեծացնելու ուղղությամբ»:


«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին է հանձնել «Խիզախ կին» մրցանակը: «Ծովինարը կարող է հպարտանալ, որ դերակատարում է ունեցել զինված ուժերի բարեփոխումները խրախուսելու հարցում, ինչն էլ կհանգեցնի Հայաստանում առավել ժամանակակից, արդյունավետ ու մարդասիրական ուժեր ունենալուն», - ասել է Ալեքս Սարդարը:


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ հանձնեց փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: «Թափանցիկ, հաշվետու ոստիկանություն, որը ծառայում է Հայաստանի քաղաքացուն, նման ոստիկանության հիմք է օգնում դնել Արթուր Օսիկյանը», - ասել է դեսպան Էյվզը:


ԶԼՄ-ների գերազանցության մրցանակը Epress.am-ի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին և Արմեն Մելիքբեկյանին հանձնելով` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը գովեստի խոսքեր է ասել նրանց` արդարացի ու հավասարակշռված լուսաբանումների ու մարդու իրավունքներին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար: Դեսպան Սորոկինը նշել է. «Մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լուսաբանումը Epress-ի կողմից կարևոր նշանակություն ունի հասարակության իրազեկման ու հանրային բանավեճի ձևավորման համար: Այս կարգի լրատվության ապահովումը կարևոր բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներում»:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան Հայաստանում բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակ է հանձնել բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարի Խաչատրյանին և Ռուզաննա Գրիգորյանին: «Քաղաքացիական ակտիվիստների նվիրումի և վճռականության շնորհիվ է, որ տարվա ընթացքում եղան կարևոր բնապահպանական հաղթանակներ: Այս մրցանակը ոչ միայն կատարված աշխատանքի համար է, այլ նաև Հայաստանում նրանց հետագա աշխատանքների խրախուսման համար», - ասել է դեսպան Հրիստեան:

 

Ինչպես Tert.am-ը հայտնել էր ավելի վաղ, Քլինթոնի շրջայցը տարածաշրջանային է և այն սկսվել է մայիսի 31-ից և արդեն իսկ հասցրել է լինել Դանիայում, Նորվեգիայում և Շվեդիայում:

 

Մինչև հունիսի 7-ը, բացի Հայաստանից, նա լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում:

 

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության՝ Հայաստանում Քլինթոնը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:


Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ ղեկավարության հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարի մասին հարցեր:

 

 

Հայաստանից ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Վրաստան, իսկ հունիսի 6-ին՝ Ադրբեջան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


Հիլարի Քլինթոնի շրջագայության վերջին կանգառը կլինի Թուրքիան, որտեղ հունիսի 7-ին նա կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում։

 

ԱՄՆ պետքարտուղարն այնտեղ կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի Սիրիայի, Իրանի խնդիրները: