Այսօր Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը
Այսօր Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով իր շրջայցն սկսել է մայիսի 31-ից և մինչև հունիսի 7-ը կայցելելի 7 երկիր։
ԱՄն պետքարտուղարն արդեն այցելել է Դանիա, Նորվեգիա, Շվեդիա։ Հայաստանից հետո նա կմեկնի, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա:
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում Քլինթոնը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ ղեկավարության հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարի մասին հարցեր:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի այցին ընդառաջ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն անցած շաբաթ ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հնարավոր է, ի թիվս այլ հարցերի, քննարկի նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ավարտին կամ վերսկսմանն առնչվող հարցեր։
Նա նաև հնարավոր էր համարել ԼՂ հակամարտության հարցի քննարկումը։ «Հնարավոր է նաև, որ խոսի, բայց ԱՄՆ-ն շատ լավ հասկացել է, որ այս տարածաշրջանում առանց Ռուսաստանի ԱՄՆ-ն ոչ մի բան անել չի կարողանա»,– ասել էր քաղաքագետը։
Հայ հեղափոխական դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն իր հերթին հայտարարել էր, որ, իր կարծիքով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ ՀՀ իշխանությունները նրանից պետք է բացատրություն պահանջեն, թե արդյո՞ք, ԱՄՆ-ը համոզված է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի նաև ինքնորոշման սկզբունքի հիման վրա, թե՞ ԱՄՆ–ի կեցվածքի մեջ որևէ փոփոխություն է տեղի ունեցել:
«Մեզ համար կարևոր է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հարցը, ինչպես նաև մեզ հետաքրքրող այն հարցերը, որոնցով հետաքրքված է նաև ԱՄՆ-ը` հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի խնդիրները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել էր նա։
Ըստ Կիրո Մանոյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ-ից պետք է պահանջել, որպեսզի այն ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի այն լուրջ վերաբերվի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման խնդրին:
«Թուրքիայի նախագահ Գյուլի վերջին հայտարարությունները շղարշ են` ուղղված միջազգային հանրությանը, որ ցույց տան, թե իբր՝ կա ինչ-որ գործընթաց, սակայն իրականում ոչ մի գործընթաց էլ չկա»,- մեկնաբանել էր Մանոյանը:
Հայաստանից ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Վրաստան, իսկ հունիսի 6-ին՝ Ադրբեջան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հիլարի Քլինթոնի շրջագայության վերջին կանգառը կլինի Թուրքիան, որտեղ հունիսի 7-ին նա կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում։
ԱՄՆ պետքարտուղարն այնտեղ կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի Սիրիայի, Իրանի խնդիրները:









