Ձերբակալվել է երեկ` Սոֆի Դևոյանի մեքենայով, ոչ սթափ վիճակում մահացու վրաերթ կատարած վարորդը (լուսանկարներ, տեսանյութ)
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի որոշմամբ ձերբակալվել է երեկ՝ հունիսի 3-ին Դավիթ Բեկի փողոցում ավտովթարի հեղինակ 46-ամյա Հմայակ Միքայելյանը։
Ինչպես, Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նրա նկատմաբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Ինչպես երեկ՝ հունիսի 3-ին դեպքի վայրից Tert.am–ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 4.30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 106/6 հասցեում գտնվող ՃՈ Երևանի հաշվառման քննական բաժնի նորակառույց շենքի հարևանությամբ «Մերսեդես Ցե 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր բժշկական կենտրոններ. 2-ը՝ «Էրեբունի», 3-ը՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ։
Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել էին, որ «Մերսեդեսը» պատկանում է հայտնի պարուսույց Սոֆի Դևոյանին։
Վթարից հետո «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Սակայն, վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1–ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Վրույր Գաբրիելյանը, Ավետիք Քալաշյանը և Ոստիկանությոան Էրեբունու, ինչպես նաև Նոր Նորքի բաժնի Քրեական հետախուզության աշխատակիցները դեպքի վայրից մոտ 300 մ հեռավորության վրա նկատել են նրան։
Ոստիկանների հարցին ի պատասխան «Մերսեդեսի» վարորդը հայտնել էր, որ ինքը նշված վթարի հետ կապ չունի, իսկ իր մարմնի վրա եղած հետքերը Նոր Նորքում տեղի ունեցած ինչ–որ ծեծկռտուքի արդյունք է։ Սակայն, պարզվել էր, որ նա փորձում էր ոստիկաններին մոլորեցնել։ Եվ երբ նրան ոստիկանները փորձել են նստեցնել իրենց ծառայողական ավտոմեքենան, ըստ հավաքվածների՝ նա «դեբոշ էր սարքել»։
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ավելի ուշ վթարի վայր էին ժամանել Սոֆի Դևոյանի ամուսինն ու որդին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Դևոյանի որդին պատմել էր, որ «Մերսեդեսը» գալիս էր իրենց հետևից, որպեսզի իրենց տեղափոխեր «Զվարթնոց» օդանավակայան։
Հիվանդանոց տեղափոխվածներն էին Քաջարան քաղաքի բնակիչներ 36-ամյա Սամվել Առաքելյանը, 28-ամյա Արա Գևորգյանը, 31-ամյա Էդգար Աբրահամյանը, 25-ամյա Արթուր Աբրահամյանը և 30-ամյա Հրայր Սիմոնյանը։ Ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր նրանցից Սամվել Առաքելյանը։
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ իրեն հայտնի է դարձել, որ «Մերսեդեսի»– ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով «ՎԱԶ 2121»–ը վարել է Արա Գևորգյանը, իսկ Ս., Ա. և Է. Աբրահամյանները եղբայրներ են։
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի









