Ռուսաստան-ԵՄ իրական գործընկերություն կլինի միայն այցագրային արգելքները հաղթահարելուց հետո. Պուտին

13:05 • 04.06.12

ՌԴ-ի ու Եվրամիության միջև իրական գործընկերություն հնարավոր չէ, քանի դեռ գոյություն ունեն այցագրային արգելքներ: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ստրելնայում անցկացվող ՌԴ-Եվրամիություն 29-րդ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտնել է, որ անայցագրային տարածքն ու Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտին Ռուսաստանի ու կառույցի ընդհանուր նպատակն են:

 

«Անցյալ տարի մենք ներկայացրեցինք Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու մասին մեր պատկերացումները: Մենք կիսում ենք նման դիրքորոշումը»,- ասել է Բարոզուն` դիմելով նախագահ Պուտինին:

 

Նա նաև հավելել է, որ դրան հասնելու համար Ռուսաստանը պետք է անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

 

«Անայցագրային տարածք` սա է մեր ընդհանուր նպատակը, և մենք այս ճանապարհին հասել ենք որոշակի հաջողությունների»,- հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը:

 

Գագաթնաժողովում Պուտինը նաև հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազամուղի երկրորդ ճյուղի ծովային հատվածի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են: Երկրորդ ճյուղի գործարկումը նախատեսված է հոկտեմբերին:


Հիշեցնենք, որ գազամուղի առաջին ճյուղը գործարկվել է 2011թ.-ին, գերմանական Լյուբմին քաղաքում: Առաջին ճյուղի հզորությունը տարեկան ավելի քան 27 միլիարդ խորանարդ մետր է կազմելու: Երկրորդ ճյուղի հզորությունը նույնքան կլինի: