Եվրագոտու ճգնաժամի հետևանքով Ռուսաստանը լուրջ ցնցումներ չի կրի. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ստրելնում անցկացված Ռուսաստան- Եվրամիություն գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ եվրագոտու ճգնաժամից ռուսական տնտեսությունը լուրջ ցնցումներ չի կրի, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք օպերատիվ կերպով արձագանքելու իրադարձությունների յուրաքանչյուր զարգացմանը: Մենք հուսով ենք, որ Եվրամիության մեր գործընկերներին կհաջողվի լուծել առկա դժվարությունները»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ եվրոպացի գործընկերների տրամադրվածությունը, նրանց խոսքերից ելնելով, «մարտական» է, «մոտեցումը` վերին աստիճանի պրոֆեսիոնալ»:
«Սա մեզ հույս է ներշնչում: Ես համաձայն եմ պարոն Վան Ռոմպեյի հետ (Եվրախորհրդի նախագահ-Tert.am), որ բազմաթիվ թերությունների ֆոնին, ամեն դեպքում, կանխատեսումը լավատեսական է: Մենք պատրաստ ենք աջակցելու այս գործընթացին ամեն կերպ, քանի որ դրանում հետաքրքրված ենք»,- ասել է Պուտինը:
Այսօր ավելի վաղ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստ է հակաճգնաժամային միջոցառումների անցնել, եթե աշխարհում տնտեսական իրավիճակն անբարենպաստ զարգանա:









