Զինյալները տանկերով գրավել են Լիբիայի մայրաքաղաքի օդանավակայանը
Լիբիայում զինյալները տանկերով և զրահապատ մեքենաներով գրավել են մայրաքաղաք Տրիպոլիի օդանավակայանը: Նրանք պնդում են, որ պատճառն իրենց առաջնորդի առևանգումն է:
Օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ կաթվածահար է եղել և երթևեկությունը դադարեցվել է:
«Օդանավակայանում խառնաշփոթ է, բազմաթիվ ռազմական մեքենաներ և տանկեր են շրջում թռիչքուղիներում»,- ասել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը:
Մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ ինքնաթիռների շարժը դադարեցնելու համար դրանք շրջափակվել են զինյալների կողմից, իսկ ուղևորներն իջեցվել են:
Այդ կերպ գրոհայինները փորձում են ճնշել Լիբիայի կառավարությանը` պահանջելով ազատ արձակել իրենց առաջնորդին:
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ օդանավակայանի մի աշխատակից վիրավորվել է:









