Փոխհամաձայնության հուշագիր՝ Հայաստանի և Չեխիայի առևտրաարդյունաբերական պալատների միջև

13:09 • 04.06.12

Հայաստանի և Չեխիայի հանրապետությունների առևտրաարդյունաբերական պալատների միջև այսօր ստորագրվեց փոխհամագործակցության պայմանագիր:


ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ պայմանագրի շրջանակներում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:


«Կկազմակերպվեն համատեղ վեհաժողովներ և ցուցահանդեսներ: Պայմանավորվածության համաձայն` Հայաստանի և Չեխիայի առևտրի պալատում պետք է ստեղծվեն հանձնաժողովներ այն գործարարների համար, որոնք ունեն խնդիրներ Չեխիայում իրենց բիզնեսը կազմակերպելու և զարգացնելու ուղղությամբ»,- ասաց նա:


Մարտին Սարգսյանի խոսքով` երկու երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը փոքր է, սակայն տարեցտարի այն մեծանում է: Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Չեխիայի տեսակարար կշիռը կազմում է 1.3%, որը հիմնականում ներմուծողների հաշին է:


Հայաստանից Չեխիա արտահանումների ծավալը զգալիորեն աճել է և գերազանցել 25 միլիոն ԱՄՆ դոլարը:


Համաձայն մաքսային վիճակագրությունների տվյալների՝ Հայաստանից Չեխիա արտահանվում են մոլիբդենի խտանյութ, ֆերմոլիբդեն, խեցգետնակերպեր, փայտյա իրեր, ձեռագործ գորգեր, ադամանդ և այլն։


Չեխիայից Հայաստան է ներմուծվում գարեջուր, հրուշակեղեն, դեղամիջոցներ, հագուստ, քանդակների և արձանների բնօրինակներ և այլն։