Բակո Սահակյանի մրցակիցը Վիտալի Բալասանյանն է. սոցիոլոգ
Արցախի Հանրապետությունում՝ հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում, մրցակցությունն ընթանալու է հիմնականում ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի և ներկայիս նախագահ Բակո Սահակյանի միջև, այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով վերջերս է վերադարձել Արցախի Հանրապետությունից:
Սոցիոլոգը նաև նշեց, որ բացի Վիտալի Բալասանյանից կառաջադրվեն ևս երկու թեկնածու՝ ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը և գործազուրկ Վալերի Խաչատրյանը։
«Ընտրության շեմին թփերի տակից հայտնվում է մի թեկնածու: Երկրորդ թեկնածուի առաջադրման մասին տեղյակ է արցախցիներից յուրաքանչյուր երրորդը: Մարդիկ են հատնվում, որոնք տարիների ընթացքում չեն երևացել, ելույթներ չեն ունեցել և հանրությունը իրենց չի ճանաչում»,- ասաց սոցիոլոգը։
Ադիբեկյանի խոսքով՝ առաջադրվելուց գոնե երկու տարի առաջ թեկնածուն պետք է աշխատանք տանի, հանդես գա հանրության առջև:
Սոցիոլոգը Արցախում առկա ներքաղաքական իրավիճակը համեմատելով հայաստանյան նախընտրական իրավիճակի հետ նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում միմյանց հասցեին չեն հնչում պիտակավորումներ ու վիրավորանքներ, մինչդեռ Հայաստանում. «Հաճախ Կոնդի ու Մասիվի կռիվները գալիս, հասնում են քաղաքական մակարդակի»:
Ահարոն Ադիբեկյանն ընդգծեց, որ ղարաբաղցիները հանուն աթոռի չեն կռվի, փոխարենը կպայքարեն հանուն գաղափարի:









