Օշի դեպքերի տարելիցին ընդառաջ Ղրղըզստանի հարավը կրկին հայտնվել է վտանգի տակ. НГ
2010 թ.-ի Օշի դեպքերի տարելիցին ընդառաջ, Ղրղըզստանի հարավը կրկին հայտնվել է վտանգի տակ: Այս անգամ էթնիկ բախումներից խուսափելու համար քաղաք ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել, բոլոր ուժայիններն անցել են խստացված ծառայության, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
2010թ.-ի հունիսի 10-14-ը երկրի «հարավային» մայրաքաղաքում տեղի ունեցած էթնիկ զանգվածային բախումների զոհ դարձավ ավելի քան 400 մարդ:
«Երկու տարի անց իշխանությունները խոստանում եմ թույլ չտալ դեպքերի կրկնություն, իսկ բնակիչներն էլ մտորում են «ի՞նչ անել» և «ո՞վ է մեղավոր» մշտական հարցերի շուրջ»,- գրում է թերթը:
Սակայն, ըստ НГ-ի, նախորդ տարվա համեմատ, այս տարի «սպանդի կրկնության» մասին խոսակցությունները զգալիորեն նվազել են:
«Խոշոր բախումների սպասումն իր տեղը զիջել է հոգնած հանգստությանը: Պոտենցիալ վտանգի մասին ներկայի սկանդալներն ու սենսացիաներն աստիճանաբար նվազում են, նվազում է նաև բողոքի ակցիաների թիվը»,- գրում է թերթը:
Չնայած խոստացված արագ վերականգնմանն ու բարգավաճմանը, որը պետք է տեղի ունենար 2010թ.-ի հեղաշրջումից ու Ալմազբեկ Աթամբաևի` իշխանության ղեկին գալուց հետո, նման բան տեղի չունեցավ: Ըստ թերթի` Ղրղըզստանը տնտեսական ցուցանիշներով ԱՊՀ երկրների թվում ամենավերջին հորիզոնականում է: Պետկառավարման համակարգերը 2 տարում այդպես էլ լիովին չվերականգնվեցին, իսկ երկրի 2 կարևոր դերակատարների` նախագահ Աթամբաևի ու վարչապետ Օմուրբեկ Բաբանովի միջև տարաձայնությունները գնալով ավելանում են:
Այս տեսանկյունից` առավել անհանգստացնող է իրավիճակն Օշում: Քաղաքապետ Մելիս Մըրզաքմատովը, չնայած Օշի դեպքերի հետևանքով հարյուրավոր մարդու սպանությանը մեղսակցության վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներին, շարունակում է պահպանել իր դիրքերը` չենթարկվելով մայրաքաղաք Բիշքեկի հրամաններին: Քաղաքապետին ընթացիկ տարվա մարտին անցկացված քաղաքային խորհրդարանի ընտրություններում հաջողվեց հաղթել իշխանամետ` Սոցիալ- դեմոկրատական ու «Հանրապետական» կուսակցություններին:
Մըրզաքմատովը, հաղթանակից հետո, խոստացել է Օշի դեպքերի մեղավորներին` նախագահին ու Ռոզա Օտունբաևային կանգնեցնել քաղաքի կենտրոնական հրապարակում, որոնք «ծնկի եկած ներողություն խնդրեն կատարված համար»:
«Քաղաքապետը միակ չինովնիկն է, ով բացահայտորեն դիմակայում է իշխանություններին, ինչն էլ նրան օգնում է իր շուրջը համախմբել ընդդիմադիրներին»,- գրում է թերթը:









