3 զոհ և վիրավորներ Չինարիում. Կասեցվել է ադրբեջանցիների դիվերսիոն առաջխաղացումը
Tert.am–ը արդեն հայտնել էր այս գիշեր Տավուշի մարզի Չնարի գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում զոհվել էր 2 և վիրավորվել 5 զինծառայողներ։
Քիչ առաջ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի զոհերի թիվը 3-ն է, իսկ վիրավորների թիվը կոնկրետ չի նշվում։
«Ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր»,– մասնավորապես ասվում է հաղորդագրությունում:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին:









