35-ամյա բժիշկը Կիևյան կամրջի վրա կանխել է 20-ամյա աղջկա ինքնասպանությունը (լուսանկարներ, տեսանյութ)

20:47 • 04.06.12

Այսօր՝ հունիսի 4-ին, Կիևյան կամրջից երիտասարդ մի աղջկա ինքնասպանություն է կանխվել:
 

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում Երևանի Կոմիտասի 51 շենքի բնակիչ, 35-ամյա Հրայր Ասլանյանը, ով աշխատում է Մուրացանի զինվորական հոսպիտալի ռետգեն բաժանմունքում որպես ռենտգեն լաբորանտ, կարողացել է կանխել Երևանի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 20-ամյա Անի Տ-ի ինքնասպանությունը:
 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հրայրն ու ականատեսները պատմել են, որ Հրայրը երթուղային տաքսու միջից տեսել է, թե ինչպես է մի աղջիկ կախվել Կիևյան կամրջի բազրիքից: Հրայրը կանգնեցնում է երթուղայինը, արագ իջնում է, վազում դեպի աղջիկը և երկու ձեռքով ամուր բռնում ու փաթաթվում արդեն կիսով չափ դեպի ձորը կախված աղջկանից և այդպես թույլ չի տալիս 20-ամյա Անիին ցած նետվել:
 

Այդ ժամանակ Կիևյան կամրջով անցնելիս է լինում Ճանապարհայի ոստիկանության մի ավտոմեքենա. Հրայրը կանգնեցնում է տեսուչներին, ովքեր են դեպքի վայր են կանչում Ոստիկանության պարեկապահակային ծառայության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին: Վերջիններս էլ 20-ամյա աղջկան ու Հրայրին տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին:
 

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ եթե այդ տղան չլիներ, և մեկ ուրիշ տղա չզբաղեցներ այդ աղջկան, ապա դեպքը ողբերգական ավարտ կունենար: Ֆոտոլրագրողին մեծ դժվարությամբ հաջողվեց համոզել Հրայր Ասլանյանին, որպեսզի վերջինս տեսախցիկի առջև ներկայացնի կատարվածը, քանի որ Հրայրի կատարած քայլը հերոսություն է, ինչը պետք է պատկան մարմինների կողմից ըստ արժանվույն գնահատվի:


Այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 

Գագիկ Շամշայնը հայտնում է, որ իր տեղեկություններով, 20-ամյա աղջիկը փորձել է իր կյանքին վերջ տալ, քանի որ ըստ իր պատմածի՝ հոգնել է կյանքից, աշխատանք չունի, և մոր ու եղբոր համար ինքը բեռ է, քանի որ հայրն էլ ամուսնալուծված է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի