Թուրք կանայք բողոքել են աբորտների հնարավոր արգելքի դեմ
Երեկ հազարավոր թուրք ցուցարարներ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` բողոքելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հղիության արհեստական ընդհատումը դատապարտող ելույթի դեմ:
20-60 տարեկան մոտ 3000 կանայք, իրենց ամուսինների և ընկերների հետ հավաքվել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում, «Իմ մարմինն իմ ընտրությունն է», «Պետությո՛ւն, քաշի՛ր ձեռքերդ իմ մարմնից» և այլ կարգախոսներով:
Էրդողանն արհեստական վիժեցումը համարել էր «մարդասպանություն» և տեղեկացրել, որ իր կառավարությունն աշխատում է 4 շաբաթականից ավելի հղիություններիի ընդհատումն արգելող օրինագծի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դա ծայրահեղ անհրաժեշտ է:
Կանայք բողոքում են, նշելով, որ հաճախ կանայք չեն զգում 4 շաբաթականից փոքր հղիությունները: Այժմ արհեսատական ընդհատումները Թուրքիայում թույլատրելի են մինչև 10 շաբաթականը:
Բողոքի ակցիային անդրադարձել են նաև միջազգային պարբերականները: Associatied press գործակալությունը հիշեցրել է, որ Էրդողանի` «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի կրոնական արմատներ:
Գործակալությունն անդրադարձել է նաև Ստամբուլի «Բիլգի» համալսարանի պրոֆեսոր Դենիզ Ուլքե Արիբողանի` թուրքական «Աքշամ» թերթում տպագրած հոդվածին, որում ասվում է, թե կառավարությունն այս արգելքով փորձում հավասարակշռել քրդերի` բարձր ծնելիության աստիճանը:
«Որոշ կազմակերպություններ էթնիկ վերարտադրությունը փորձում են օգտագործել որպես քաղաքական գործիք»,- ասել է Արիբողանը` նկատի ունենալով քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK) և քրդամետ քաղաքական կուսակցությունները:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն` քրդերը Թուրքիայի հարավ-արևելքում ունեն ծնելիության ամենաբարձր աստիճանը:
Չիկագոյի համալսարանից Թինո Սանանդաժին, ով ուսումնասիրում է ժողովրդագրական փոփոխությունները և դրանց կապը քաղաքականության հետ, ասել է, որ այդ գործընթացը Թուրքիայում դանդաղ է ընթանում:
«Սակայն եթե դա շարունակվի ևս 4-5 տասնամյակ, ուժի հավասարակշռությունը կարող է փոխվել»,-ասել է նա:
Մտահոգություն կա նաև այն մասին, որ այդ արգելքը կարող է ավելացնել անօրինական աբորտների թիվը և մեծ կլինի հոգեբանական ճնշումը կանանց վրա:









