«Սիրիական ազատ բանակ»-ն այլևս չի հետևի Անանի ծրագրին
Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ»-ն այլևս մտադիր չէ հետևել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ծրագրին, հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ընդդիմության հայտարարությանը:
Հիշեցնենք, որ կողմերը` նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմն ու ընդդիմությունը, ապրիլին համաձայնել էին հետևել Անանի ծրագրին, որով հրադադար էր հաստատվել երկրում:
Ընդդիմությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը և երկրում գտնվող ՄԱԿ-ի դիտորդական խմբին արգելել թռիչքները երկրի օդային տարածքում, ինչպես նաև բուֆերային գոտի ստեղծել:
«Մենք որոշել ենք դադարեցնել մեր համաձայնությունը (տրված Անանի ծրագրին-Tert.am), և այսօրվանից սկսած` սկսում ենք պաշտպանել մեր ժողովրդին»,- ասել է «Սիրիական ազատ բանակ»-ի առաջնորդ Սամի ալ Կուրդին:
Մայիսի 25-26-ին սիրիական Հուլա Ավանում տեղի ունեցած սպանդը, որին զոհ գնաց ավելի քան 100 մարդ, այդ թվում` կանայք ու երեխաներ, սրել է լարվածությունը: Բազմաթիվ երկրներ հայտարարում են Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու հավանականության մասին: Մինչդեռ, Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ սա ահաբեկիչների «ձեռի գործն է»:









