Քաղաքապետը Չեխիայի Առևտրի պալատի նախագաhի հետ քննարկել է աղբի վերամշակման ճանապարհով էներգիայի ստացման հարցը

20:03 • 04.06.12

Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են,որ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Պյոտր Կուզելը քաղաքապետին է փոխանցել Պրահայի քաղաքապետի ողջույններն ու նրա անունից Չեխիայի մայրաքաղաք այցելելու հրավերը:
 

Տարոն Մարգարյանը բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերություններն ու առևտրատնտեսական կապերը` ընդգծել է փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
 

«Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար և ողջունում է այն բոլոր ներդրումային առաջարկությունները, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը: Ձևավորված բարենպաստ բիզնես միջավայրը հնարավորություն կտա փոխշահավետ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում»,-նշել է քաղաքապետը:


Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցության եզրեր քննարկել քաղաքային ենթակառուծվածքներում տարբեր ծրագրերի շուրջ, առանձնացնելով հասարակական տրասպորտի ոլորտում հնարավոր փոխգործակցության հեռանկարները:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային համատեղ խմբի կողմից կքննարկվեն ներկայացվող առաջարկները և հավաստիացրել, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել և իր լիազորությունների շրջանակում ընդառաջել, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը կյանքի կոչվեն: